Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Իսպանիայի թագավորը 1916-ին փորձել է փրկել Դանիել Վարուժանին

Իսպանիայի թագավորը 1916-ին փորձել է փրկել Դանիել Վարուժանին
01.02.2017 | 18:00

Հրապարակվել են փաստաթղթեր, որ Իսպանիայի թագավոր Ալֆոնսո 13-րդը փորձել էր փրկել 1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականներին։ Akunq.net-ը հրապարակել է 1916-ի մայիսին Օսմանյան կայսրությունում Իսպանիայի ներկայացուցչի պաշտոնական նամակը` ուղղված Թուրքիայի արտգործնախարար Հալիլ Մենթեշեին:

Իսպանիայի թագավորը 1916 թ. դեռևս տեղյակ չէր, որ Դանիել Վարուժանը և մյուս հայ մտավորականներն արդեն սպանված էին օսմանյան իշխանությունների հրամանով, և դեռ հույս ուներ նրանց փրկել: Փաստաթուղթը Akunq.net-ին է տրամադրել այն օսմանյան արխիվում հայտնաբերած ամերիկաբնակ պոլսահայ Գևորգ Հակոբյանը, իսկ ֆրանսերենից հայերեն թարգմանել է Մելինե Անումյանը:


«10-ը մայիսի, 1916 թ.
Թուրքիայում Իսպանիայի ներկայացուցչություն
Պարոն նախարար,
Ընթացիկ ամսվա 1-ին և 8-ին պատիվ ունեցա հանդիպումներ ունենալ Ձերդ գերազանցության հետ: Այդ հանդիպումներում քննարկված այն մի քանի հայերի թեմայի առումով, հայեր, որոնց ազատ արձակումը խնդրվել էր Նորին մեծություն տիրակալիս կողմից, Ձեր թույլտվությամբ ցանկանում եմ հավելել, որ Դանիել Վարուժան անվամբ հիշատակված անձը կրում է Դանիել Չպուգքյարյան անունը, և որ Վարուժան անունը, որով նա հայտնի է, իրականում նրա գրական կեղծանունն է:
Իմ ունեցած տեղեկությունների համաձայն` վերոհիշյալ անձը ձերբակալվել է 1915 թ. ապրիլի 11/24-ին, և մյուս բանտարկյալների հետ միասին ուղարկվել Չանքըրը, որտեղ նա մնացել է առնվազն մինչև նույն տարվա օգոստոսի 7/20-ը, իսկ այնտեղից էլ հավանաբար ուղարկվել է Այաշ: Շտապում եմ Ձեր գերազանցությանը հայտնել այն, ինչ տեղի է ունեցել մինչ այժմ, քանի որ ցանկանում եմ դյուրացնել նրա որոնումը, որը հրահանգվել է օսմանյան կառավարության կողմից, և օգտվելով առիթից` տեղեկացնում եմ, որ քիչ առաջ նոր հրահանգներ եմ ստացել, ըստ որոնց` ակտիվացնելու եմ քայլերս` վերոնշյալ անձանց խնդրի ուղղությամբ:
Կանխավ իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձերդ գերազանցությանը` վերոհիշյալ որոնումների արդյունքի մասին առաջիկայում ինձ տեղեկացնելու համար, որպեսզի ես հնարավորություն ունենամ հնարավորինս շտապ պատասխանել Նորին մեծություն Իսպանիայի թագավորին:
Պարոն նախարար, ընդունեք խնդրեմ խորին հարգանքներիս հավաստիքը»:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1439

Մեկնաբանություններ